Արտաշատում ժողովուրդը կարծես որոշում կայացրել է քաղաքապետի ընտրության հարցում, առանձնակի հետեւելու բան չկա: Այսպես արձագանքեց Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը մեր հարցին, թե հետեւում է արդյոք Արտաշատի քաղաքապետի ընտություններին, որտեղ ընտրապայքարի մեջ մնացել է միայն վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը:
Ալիկ Սարգսյանը, ով Երեւանի գրանցում ունի, բայց բարեկամության մեծ մասը ապրում է Արտաշատում, նշեց, որ Արգամ Աբրահամյանը, նորմալ տղա է, նորմալ կաշխատի, քաղաքը կծաղկի: «Շատ լավ տարբերակ է, քաղաքը կծաղկի, լավ կլինի քաղաքի համար,շատ գործ կանի, նա հնարավորություններ էլ ունի, որոնք անպայման կօգտագործի»,-ասաց Ալիկ Սարգսյանը: Հարցին, թե որքանով է ճիշտ, որ վարչապետի որդին քաղաքապետ դառնա, նա նշեց, որ այդ կողմը չի դիտարկում: «Ես միայն քննարկում եմ այն կողմը՝ քաղաքը դրանից կշահի թե կտուժի, երիտասարդ տղա է եւ Արտաշատ քաղաքի համար շատ լավ է, որ վարչապետի որդին է, կօգնեն, ուշադիր կլինեն, մի բան կանեն քաղաքի համար, սոցիալապես անապահով խավի համար կանեն, Արտաշատը կծաղկի, քաղաքի համար լավ կլինի: Պատկերացրեք իր փոխարեն լիներ մեկը, ով ոչ մի հնարավորություն չունի՝ ոչ շրջապատ, ոչ կապեր, մանկավարժ է, նորմալ մի տեղ աշխատող ինտելիգենտ մարդ է, բայց ինչ պետք է աներ այդ քաղաքի համար, այդ քաղաքը լուրջ հոգածության կարծիք ունի»,-ասաց Ալիկ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ Արգամ Աբրահամյանը ջանք չի խնայի քաղաքի բարեկեցության համար:
Նշենք, որ Արտաշատում քաղաքապետի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին, առաջադրվել էր 3 թեկնածու, որոնցից միայն վարչապետի որդին է մնացել ընտրապայքարի մեջ: Յուվենցի Կարոյի ազգականը՝ Գարեգին Համբարձումյանը եւ Հովհաննես Ղազարյանը՝ «Գազի Հովոն», հետ են վերցրել փաստաթղթերը:





























