Երեւանում հունիսի 4-ին վերելակի շահագործման հետեւանքով մահացած 5-ամյա փոքրիկի դեպքից հետո «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում առաջիկայում հնարավոր են փոփոխություններ:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հնարավոր է օրենքում փոփոխություններ կատարելու համար  ՏԿԱԻՆ-ն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը պատասխանեց. «Հնարավոր է: Օրենքն ընդունվել է 2005թ.-ին, երբ մասնավոր տներում վերելակներ գրեթե չկային: Հունիսի 4-ի դեպքը ցույց տվեց, որ օրենքում փոփոխություններ կատարելու կարիքը կա»:

Նշենք, որ օրենքով պետական կառույցները չեն կարող վերահսկել մասնավոր տներում տեղադրված վերելակները, ամենամյա տեխնիկական փորձաքննություններ անցկացնել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում հունիսի 4-ին ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի թիվ 5/9 սեփական տան վերելակի դռների արանքում: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները 5-ամյա Լյուսի Բ.-ին դուրս են բերել վերելակից: Վերելակում են գտնվել նաեւ 7-ամյա  Մ. Բ.-ն եւ երեխայի դայակ Ն. Զ.-ն: Լյուսի Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ մահացել է:

ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը դեպքից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ըստ նախնական կանխավարկածի՝ 5-ամյա փոքրիկը ոչ թե մնացել է վերելակի դռների արանքում, այլ արգելափակվել է երկրորդ եւ երրորդ հարկերի արանքում, ինչի հետեւանքով երեխան վնասվածք է ստացել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: