NEWS.am-ն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ամերիկյան Օրեգոն նահանգի Խաղաղօվկիանոսյան համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ժյուլ Բոյկոֆֆի՝ բրիտանական «The Guardian»-ում հրապարակված հոդվածը:

Ադրբեջանն առաջին Եվրոպական խաղերին պատրաստվում է բռնաճնշումների ֆոնին: Հունիսի 12-ին Բաքվում Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի անդամ 50 երկրների մարզիկների համար մինի-օլիմպիադա է անցկացվելու: Ընտրելով Ադրբեջանին՝ պետություն, որը բացահայտորեն ճնշում է այլախոհությունը եւ գրաքննության է ենթարկում լրագրողներին, եվրոպական սպորտային ղեկավարներն ուժեղացրեցին օլիմպիական շարժման վատագույն տարրերը. թանկարժեք հսկայականություն, գրաքննություն եւ քաղաքական բռնաճնշումներ: Այդ անելով՝ նրանք Ադրբեջանի բռնակալ նախագահ Իլհամ Ալիեւին տալիս են այն, ինչ նա շատ է ցանկանում. գովազդ միջազգային հարթակում:

Հայր եւ որդի Հեյդար եւ Իլհամ Ալիեւներն Ադրբեջանը կառավարում են 1993 թվականից: 1991 թվականին Խորհրդային միության անկումից հետո Հեյդար Ալիեւը կոնսոլիդացրեց իշխանությունը՝ վերահսկողություն հաստատելով Լեռնային Ղարաբաղի տարածքի համար Հայաստանի հետ հակամարտության «ամենից արյունոտ փուլի» վրա: Բազմաթիվ տարիներ նա բախվում էր քաղաքական կոռուպցիայի եւ ընտրությունների կեղծման մեղադրանքներին: Նա նախագահությունը որդուն՝ Իլհամ Ալիեւին զիջեց 2003 թվականին: Այդ դինաստիան կործանարար է նրանց համար, ովքեր այլախոհություն են ցուցաբերում:

«Բաքու 2015» խաղերը շքեղությամբ եւ փայլով կանցկացվեն, սակայն փայլուն շղարշի տակ ոչ մի լավ բան չկա: Երկրում թիրախային քաղաքական բռնաճնշումներ են: Մինչ խաղերի նախապատրաստությունը թափ է ստանում, շուրջ 80 քաղբանտարկյալներ տանջվում են Ադրբեջանի բանտերում: Բազմաթիվ այլ իրավապաշտպան-ակտիվիստներ եւ լրագրողներ ճնշումների, երկրից դուրս գալու արգելքի եւ սպառնալիքների են ենթարկվում:

Մեծ Բրիտանիան Բաքու է ուղարկելու 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերից հետո իր մարզիկների ամենամեծ պատվիրակությունը, սակայն ամենից ազդեցիկ բրիտանացին լինելու է Սայմոն Քլեգը: Նա Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի նախկն ղեկավարն է, որը ներկայում, որպես «Բաքու 2015» խաղերի կազմկոմիտեի օպերացիոն տնօրեն, ադրբեջանամետ քարոզչություն է ծավալում: Քլեգը Էփթոն Սինքլերի աֆորիզմի երկոտանի մարմնացումն է. «Դժվար է մարդուն ստիպել հասկանալ որեւէ բան, երբ նրա աշխատավարձը կախված է նրանից, որպեսզի նա չհասկանա դա»:

Եվրոպական առաջնորդները չափազանց շատ են պատրաստ հանդուրժել Ալիեւի անհանդուրժողականությունը: Սակայն շատ ուշ չէ սկզբունքային դիրքորոշում զբաղեցնել: Եվրոպական կառավարությունները պետք է մեսիջ ուղարկեն՝ բոյկոտելով Եվրոպական խաղերը: Դա Ալիեւին կզրկի քմծիծաղով եւ ձեռքսեղմումով լուսանկարվելու հնարավորությունից: Բաքվում բռնաճնշումներն ուժեղ հարված են Օլիմպիական խաղերի ոգուն: Հիմա ընտրովի բարոյականության ժամանակը չէ: