«Հայոց լեզվի եւ հայ գրականության» շտեմարանում այս տարի կան շատ վրիպակներ, որոնք այդպես էլ չեն շտկվել: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնող շատ դիմորդներ՝ ավելացնելով, որ շտեմարանները կաղապարում են գիտելիքը եւ դիմորդները միայն անգիր անելու շնորհիվ բարձր միավորներ են ստանում:
«Եթե լիներ թելադրություն կամ ուրիշ տեսակի ոչ շտեմարանային հարցեր, ավելի հետաքրքիր, հեշտ ու արդար կլիներ, որովհետեւ կարող է՝ մարդ կա, անգիր է արել, ստացել է 19-ը, մարդ կա իր խելքով՝ ավելի ցածր»,– ասաց ԵՊԼՀ դիմորդ Արեւիկ Հովհաննիսյանը:
Դիմորդներից շատերի խոսքով՝ շտեմարանում բացի վրիպակներից առկա են նաեւ երկու պատասխան ունեցող հարցեր:
«Շատ հարցեր կան, որ կրկնակի պատասխաններ ունեն: Ճիշտ ձեւակերպման խնդիր կա: Պատասխաններն այնպիսին են, որ քեզ թվում է՝ երկու տարբերակներն էլ կարող են ճիշտ լինել: Իրենք, բանականաբար վերցնում են այն պատասխանը, որն իրենք են ճիշտ համարում»,- դժգոհեցին քննություն հանձնող դիմորդները:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում, սակայն,վստահեցրեց, որ վերջին երկու տարիներին «Հայոց լեզվի եւ հայ գրականության» միասնական քննության շտեմարաններում այլեւս խոտան չկա:
Նշենք, որ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» միասնական քննության շտեմարաններից բողոքում են ոչ միայն դիմորդները, այլեւ լեզվի մասնագետները, կրկնուսույցները, ծնողները:




























