Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի հետ:

Քաղաքապետ Էստրոզին ողջունելով նախագահին՝ նշել է, թե մեծ պատիվ է, որ Հայաստանն աշխարհի ամենահայտնի փառատոններից մեկի՝ «Միդեմ» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի պատվավոր հյուրն է:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ Նիցցան Հայաստանի մայրաքաղաք Երեւանի հետ քույր քաղաք է, իսկ բարեկամ Ֆրանսիան Հայաստանի եւ հայ ժողովրդի համար՝ յուրահատուկ երկիր: Նախագահը նշել է, որ Հայաստանում ծանոթ են քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի գործունեությանը եւ հայերի նկատմամբ նրա հոգատար վերաբերմունքին: Սերժ Սարգսյանի խոսքով, ս.թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Նիցցայում անցկացված հիշատակի ոգեկոչման միջոցառումները, հայ ժողովրդի մեծ վշտին հաղորադակից լինելը եւ այլոց եւս հաղորդակից դարձնելը այդ վերաբերմունքի վկայությունն է:

Նիցցայի քաղաքապետը նշել է, թե հայ ժողովրդի ապրած ողբերգության ճանաչումը, իր համոզմամբ, բոլորի պարտքն է: Նա գոհունակությամբ է խոսել Երեւանի եւ Նիցցայի միջեւ ձեւավորված հարաբերությունների ու համագործակցության մասին, ընդգծել, որ Հայաստանի նախագահն իրենց համար մշտապես ցանկալի հյուր է: Քաղաքապետ Քրիստիան Էստրոզին նաեւ տեղեկացրել է, որ ծրագրում է մինչեւ տարեվերջ այցելել Երեւան եւ ավելի ամրապնդել Երեւանի ու Նիցցայի միջեւ բարեկամական կապերը, քննարկել համագործակցության նոր հնարավորությունները: