Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» սպանված եղբոր` Արթուր Սաֆարյանի ընկերը վստահ է, որ մեղադրյալ Իսրայել Սարգսյանն է (Իսո) պատվիրել սպանությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս ասաց Արթուր Սաֆարյանի ընկերը՝  Սուրեն Մինասյանը՝ ավելացնելով, որ ինքը նման եզրակացության է եկել Իսրայել Սարգսյանի եւ գործով այլ մեղադրյալ, ազատության մեջ գտնվող Տիգրան Ասատրյանի հեռախոսազանգի ձայնագրությունը լսելուց հետո:

«Տիկոն իրենց տունը ձայնագրությունը ցույց տվեց, որից երեւում էր, որ Իսոն Մոսոյին ա պատվիրել սպանությունը, Մոսոն գումար էլ չի վերցրել, ասել ա՝ Իսո, քեզ հարգում եմ, ինչ պետք ա, կանեմ: Ես զարմացա, որ լսեցի, բայց կասկած չունեմ, որ Իսոն ա: Ես լսել եմ էն, ինչ Իսոն պատմել ա Տիկոյին»,- ասաց Սուրեն Մինասյանը:

Գործով վկայի խոսքերը զայրացրին մեղադրյալ Իսրայել Սարգսյանին, որը նրան վստահեցրեց, որ ապացուցելու է, որ ինքը կապ չունի Արթուր Սաֆարյանի սպանության հետ:

«Ես լիքը մարդու ապացուցելու եմ, որ ես էս խաղի մեջ չկամ, ու իմ տեղը ուրիշ մարդ հիմա պետք ա նստած լիներ: Եթե դու մտածում ես, որ մի հատ ձայնագրությունով, որը չեմ իմանում՝ որտեղից ա եկել, դրա հիման վրա կարաս մտածես, որ Իսոն կարող ա լինի, ուրեմն իմացի՝ չարաչար սխալվում ես: Ես քեզ տղավարի եմ էդ ասում, ես էդ ապացուցելու եմ. քեզ էլ եմ ապացուցելու, քո մեծ ախպորն էլ եմ ապացուցելու, մարդ կա՝ ասում ա` դատ ա, ախպեր, չենք կարա, թե չէ կբրթեինք, կէթար, էդ մարդկանց էլ եմ ապացուցելու: Եթե մտածում են, որ ինձ կարան ինչ-որ տեղ բրթեն, էթամ, տենց չի լինելու, ես ուրիշի տեղը գնացողը չեմ»,-զայրացած ասաց Իսրայել Սարգսյանը:

Արթուր Սաֆարյանի ընկերը հակադարձեց. «Եթե կարաս ապացուցես, որ դու չես արել, մինչեւ հիմա ապացուցած կլինեիր»:

Նշենք, որ դատարանում ցուցմունք տվեց 15 վկա, որոնք հիմնականում Իսրայել Սարգսյանի աշխատակիցներն էին եւ էական նշանակության վկայություններ չտվեցին:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 19–ին:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբորը: Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանին: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է, դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի 11 կետի (սպանություն) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: