Ցավոք, «Հայաստանի Էլցանցեր»-ում կորուստները չեն նվազում նույն արդյունավետությամբ, ինչպես «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում: Այս մասին հունիսի 5-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:
Համեմատության համար. 2001 թվականին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում էլեկտրաէներգիայի կորուստները կազմել են 5.98%, իսկ 2015-ի առաջին ամիսներին՝ շուրջ 1.6%: «Այս ամենն անցած տարիներին ներդրումների արդյունք է»,- հայտարարեց Գալստյանը:
Նա նաեւ հավելեց, որ, ցավոք, նման տեմպերով չի ստացվում արդիականացնել «Հայաստանի էլցանցեր»-ը:
«Մենք ճնշում ենք գործադրում նրանց նկատմամբ: Իսկ նրանք ասում են, որ ցանցում նոր ներդրումներ են հարկավոր»,- հավելեց Արեգ Գալստյանը:
Ամեն դեպքում, ըստ պաշտոնյայի, դա չի նշանակում, որ անհրաժեշտ է ազգայնացնել ՀԷՑ-ը: «Կան ձեռնարկություններ, որտեղ մասնավոր հատվածն ավելի լավ է տնօրինում»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ներկայում «Հայաստանի Էլցանցերի» սակագինը բնակչության համար 41.85 դրամ է՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց եւ 31.85 դրամ՝ գիշերային ժամերին: ՀԷՑ-ի հայտում առաջարկվում է սակագինը բարձրացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար:





























