Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարելի է բնութագրել որպես պատմական ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ հայերի համար։ Այս մասին հունիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը։

Նա պարզաբանեց, որ Թուրքիայի խորհրդարանում 60-ամյա ընդմիջումից հետո կարող է հայտնվել ազգությամբ հայ 2 պատգամավոր։ «Այդ ընտրությունները բավական բարդ են հատկապես Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության համար։ Գլխավոր ինտրիգը, կարծում եմ, այն է, թե կարող է արդյոք Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը անցնել խորհրդարան, թե ոչ»,- նշեց Գեւորգ Պետրոսյանը։

Այսպիսով՝ Թուրքիայի խորհրդարանական ներկայիս ընտրություններում առաջին տեղում Էրդողանի եւ Դավութօղլուի ղեկավարած կուսակցության եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության միջեւ պայքարն է։ Թուրքագետի խոսքով՝ Էրդողանի եւ քեմալականների միջեւ պայքարն անցել է 2-րդ պլան։ «Եթե այս ընտրությունները համեմատենք անցյալ տարվա նախագահական ընտրությունների հետ, ապա կարելի է ասել, որ ներկայիս քարոզարշավը բավական բուռն իրավիճակում է ընթանում»,- հավելեց Գեւորգ Պետրոսյանը։