Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը ներկայացել է ոստիկանություն եւ տվել բացատրություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:

Իսկ Ճոյտի որդին՝ Արայիկ Հակոբյանը, դեռ չի ներկայացել ոստիկանություն: Հետաքննությունը շարունակվում է:

Մեր տեղեկություններով՝ Ճոյտը ոստիկանությունում հերքել է, որ նախօրեին ծեծի է ենթարկել Պարույր Թորոյանին։ Նա ասել է, թե իրենք ընդամենը օգնություն են ցույց տվել վերջինիս։

Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ հունիսի վեցին գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց դիմած 38-ամյա Պարույր Թորոյանը ոստիկանության աշխատակիցներին պատմել է, որ նախորդ օրը՝ ժամը 14:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի («Ճոյտ») և նրա որդու՝ 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն: Ոստիկանությունը որոնում է հայր եւ որդի Հակոբյաններին։ Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել էր հետեւյալը. «Մենք աշխատանքի վայրում էինք, տեսանք, որ այդ երիտասարդն իրեն վատ է զգում, մոտեցանք, օգնություն ցուցաբերեցինք ու այդ տղան գնաց։ Մենք նրան ծեծի չենք ենթարկել, ընդամենն օգնել ենք»: