Աբովյանում ոչ ոք չի հաղթել, հաղթել է չարիքը այս քաղաքում, հաղթել է Ծառուկյան Գագոն իր կազմակերպչական աշխատանքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետի ընտրություններին առաջադրված, նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը:
Նա շեշտեց, որ իր համար ամենեւին էլ էական չէ իր ստացած ձայների քանակը, կարող էր զրո լինել, ամենեւին նշանակություն չունի: Կարապետ Իսրայելյանը որեւէ քայլ չի պատրաստվում ձեռնարկել:
«Եթե ժողովուրդը ծախվել է, ի՞նչ անել, ի՞նչը բողոքարկել: Շարունակելու եմ իմ քաղաքում ապրել ցմահ եւ նկատել իրենց չարությունները: Իրենք չար ծնվել են, չար էլ մեռնելու են, զավթեցին քաղաքը Ծառուկյանի քավորությամբ: Ոչ մի խախտում էլ չեն արել, բացի այն, որ ժողովրդին մեքենաներով բերել են, փողը տվել, հետո էլ հետ տարել: Մարդիկ ծախվել են, ի՞նչ պետք է անես, բոլորն էլ մտածում են էս քաղաքից գնալ, մտածել են, թե գոնե օգուտ ունենան: Ես հասկացա, թե ով ենք մենք որպես մարդ եւ ժողովուրդ, մենք սիրում ենք զորբաներին, չարերին: Մարդիկ հլու- հնազանդ գործիք են դառել, ոչ մեկին էլ չեն հավատում, իրենց քաղաքն էր պետք, թող ստանան, ոչ բարով վայելեն»,-ասաց նախկին քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Վահագն Գեւորգյանը: Ընտրողների ցուցակներում ընդգրված է 43 807 մարդ, որից ընտրություններին մասնակցել է 18 535 ընտրող:
Ձայները թեկնածուների միջեւ բաշխվել են հետեւյալ կերպ.
Վահագն Գեւորգյան - 11 227 ձայն,
Արթուր Հարությունյան (Պալաչ) – 5 459 ձայն,
Կարո Իսրայելյան – 526 ձայն ,
Էդվին Թադեւոսյան – 520 ձայն,
Արթուր Հարությունյան – 159 ձայն:





























