Բավականին հետաքրքրական է հայկական արմատներ ունեցող 3 պատգամավորների առկայությունը Թուրքիայի խորհրդարանում՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի հայկական համայնքը ներքաղաքական կյանքում փորձել է միշտ չեզոք եւ անաչառ լինել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին:
«Բազում տասնամյակներ անց հայկական արմատներով պատգամավորներ են հայտնվել Թուրքիայի խորհրդարանում: Հետաքրքրական է, որ հենց 3 պատգամավոր միանգամից հայտնվել է խորհրդարանում: Հայկական համայնքը փորձել է միշտ Թուրքիայի ներքաղաքական դասավորումների մեջ չեզոք լինել, անաչառ, բոլորի հետ մնալ հավասար հեռավորության վրա: Իսկ այժմ 3 հայ պատգամավոր 3 տարբեր կուսակցություններից»,- ասաց Արա Գոչունյանը:
Հայկական թերթի գլխավոր խմբագիրը կարծում է, որ հայկական արմատներ ունեցող պատգամավորները կգտնեն ոսկե միջինը եւ կկարողանան դրական ազդեցություն ունենալ Հայկական հարցի լուծման մեջ: Միեւնույն ժամանակ, Գոչունյանը հիշեցրեց, որ Հայկական հարցի լուծումը կուսակցական վերաբերմունքից կախում չունի, այն պետական որոշում է:
Նշենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է 3 հայ պատգամավոր՝ իշխող Արդարություն եւ զարգացում (AKP) կուսակցության կողմից ներկայացված Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (CHP) կուսակցության կողմից ներկայացված Սելինա Դողանը եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության կողմից ներկայացված Գարո Փայլանը:





























