Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում էր խորհրդարանական ընտրությունների միջոցով գերնախագահ դառնալ։ Սակայն նրա ղեկավարած Արդարություն եւ զարգացում կուսակցությունն առաջին անգամ այլեւս մեծամասնություն չի կազմում։ Ակնհայտորեն Էրդողանը գերագնահատել էր իր կարողությունները։ Այս մասին գրում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը՝ անդրադառնալով հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին։
Ընտրություններում իրական հաղթողը քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է, որը, խորհրդարան ընտրվելով, կանխեց սահմանադրական փոփոխություններ իրականացնելու Էրդողանի ծրագրերը։ Էրդողանն իր հույսերն ու երազանքները պետք է հեռվում թողնի, շարունակում է թերթը։
Այսպիսով՝ Թուրքիայում ավարտվեց Արդարություն եւ զարգացում կուսակցության տիրապետությունը։ Եվ առաջին անգամ 54 տարվա ընթացքում խորհրդարանում հայ պատգամավորներ են ներկայացված լինելու։
Թուրքիայում իրական հաղթած կուսակցությունը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն է, որը հավաքել է մոտ 13 տոկոս եւ Անկարայի խորհրդարանում 77 կամ 78 մանդատ կունենա, ինչով վերջ կդնի Արդարություն եւ զարգացում կուսակցության տասնամյակներ շարունակվող միանձնյա իշխանությանը։ Իհարկե առավել շատ ձայներ հավաքած կուսակցությունը Էրդողանի ղեկավարած Արդարություն եւ զարգացումն է, որը մոտ 41 տոկոս է հավաքել։ Միայն թե Էրդողանն այսուհետ միանձնյա իշխող չի կարող լինել։ Նա կունենա 256 մանդատ մինչդեռ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 276 ներկայացուցիչ։ Դա նշանակում է, որ առաջին անգամ Էրդողանը բացարձակ իշխանություն ստանալու համար ստիպված է կոալիցիա կազմել մի որեւէ ուժի հետ։ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հավաքել է մոտ 25 տոկոս։ Աջակողմյան Ազգայնական շարժումը (Թուրքիայում հայտնի «Գորշ գայլեր») հավաքել է 16.3 տոկոս եւ կունենա 77 մանդատ։
Թուրքիայում ընտրությունները փոխեցին երկրում տիրող իրավիճակը։ Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Էրդողանին ստիպեց զսպել իր ախորժակը։ Գերնախագահ դառնալու փոխարեն Էրդողանը ստիպված է կոալիցիոն գործընկեր փնտրել իր կուսակցության համար, եզրափակում է թերթը։





























