Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 8-ին, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին մեղավոր ճանաչեց եւ տուգանեց նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով՝ 400 հազար դրամով: Դատարանը, սակայն, Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը համաներումով չկիրառեց:
Նշենք, որ մեղադրող կողմը 1 տարվա ազատազրկում էր պահանջել: Այնուամենայնիվ, դատավճռի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում դատախազ Արթուր Երիցյանը հայտարարեց, որ չի պատրաստվում բողոքարկել վճիռը:
Պատասխանող կողմը, սակայն, մտադիր է բողոքարկել վճիռը: Լրագրողների հետ զրույցում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը հայտնեց, որ դիմելու են Վերաքննիչ դատարան:
«Եթե Հայաստանի դատական ատյանները մեր բողոքը չընդունեն եւ ինձ չարդարացնեն, մենք այս գործով կդիմենք ՄԻԵԴ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:





























