Գորիս քաղաքում կռվի գործով մանրամասները պարզվում են հնարավորինս արագ։ Այս մասին հունիսի 8-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Նա նշեց, որ հետաքննության ավարտից հետո Գլխավոր դատախազը կուսումնասիրի գործը։ «Քննիչը հո ամեն անգամ Գորիսից Երեւան չի գալու։ Իսկ երբ ամեն ինչ կվերջացնի, այն ժամանակ էլ պարզ կլինի գործի նկատմամբ մեր դիրքորոշումը, եւ դատախազության միջամտության աստիճանը»,- հավելեց Կոստանյանը։

Դատախազությունը դեռեւս միայն գործ է բացել եւ միջնորդագիր է ներկայացրել վկաների ներգրավման մասին։ Մնացածը Քննչական կոմիտեի իրավասությունների ներքո է մնում։ Կոստանյանը հիշեցրեց, որ միջադեպի հաջորդ առավոտյան արդեն ինքն անձամբ ժամանել էր դեպքի վայր։ «Այն ժամանակ արդեն մեզ հաջողվեց արագ եւ արդյունավետ պարզել գոնե, թե ով է եղել դեպքի վայրում, որպեսզի սկսենք ուսումնասիրել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները»,- նշեց Կոստանյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիսում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցություն է ունեցել նաեւ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: NЕWS.am-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին,  երեկոյան, Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, մեքենա վարելիս զուգահեռ անցնող ավտոմեքենան երթեւեկությունը խախտել է,  վեճ է առաջացել, ապա պայմանավորվել են հանդիպել Սդղի գյոլ կոչվող հատվածում: Երեկոյան երկու եղբայրները, որոնք Ավետիք Բուդաղյանի հետ բարեկամական կապեր ունեն եւ որոշակի խնդիրներ են ունեցել Սյունիքի մարզպետի հետ, գնացել են նշված տարածք:

2 եղբայրներին դիմավորել են 40-ից ավելի երիտասարդներ, վիճել են, հայհոյել եւ հավաքվածները ծեծի են ենթարկել եղբայրներին: Նրանցից մեկի վիճակը ծանր է եղել, տեղափոխվել է Երեւան: Հայտնի է, որ երիտասարդի աչքը  վնասվել է։