Կառավարության մոտ այսօր՝ հունիսի 9-ին, Կառավարության մոտ վաղ առավոտից բողոքի ակցիա անցկացնող նաիրիտցիներին հանդիպեց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ խոստացավ մինչեւ հուլիսի 15-ը նրանց աշխատավարձերի ողջ պարտքը մարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Երվանդ Զախարյանն ասաց, որ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարկանով մինչեւ հուլիսի 15-ը պետք է աշխատավարձերի պարտքերը մարվեն»,-ասաց նա:

Անուշ Հարությունյանը նշեց, որ նաիրիտցիների մի մասը հավատում է այդ խոստմանը, մի մասը՝ ոչ. «Մենք այս պահին քննարկում ենք մեր հետագա անելիքները եւ շուտոբ հայտարարությամբ հանդես կգանք»:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: