ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է արել վերանայել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշումը։ Ինչպես հայտնում է Turan-ը, Վաշինգթոնի արձագանքը հունիսի 8-ին՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, հայտնել է Վիեննայում ԱՄՆ դեսպան Դենիել Բաերը։

«Անցյալ շաբաթ մենք գլխավոր քարտուղարից տեղեկացանք, որ Ադրբեջանը հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգողի գործունեությունից հրաժարվելու մասին։ Դա առաջ է բերում մեր խորը հիասթափությունը։ Միաժամանակ կարեւոր է հիշել, որ ԵԱՀԿ նախագծերի համակարգողի գրասենյակը գործում է ԵԱՀԿ բոլոր 57 անդամների կողմից համաձայնեցված քաղաքական մանդատի հիման վրա։ Ուստի, ինչպես ԵԱՀԿ անդամ պետության կողմից ընդունած ցանկացած որոշում, սա նույնպես պետք է չեղյալ համարվի փոխհամաձայնության հիման վրա»,- ասել է Բաերը։

Նրա խոսքով՝ կառավարության կողմից համալիր անվտանգությունը բարելավելու մտադրության ապացույցներից մեկն այն է, երբ քաղաքացիները հնարավորություն են ունենում անմիջական կերպով համագործակցել ԵԱՀԿ-ի հետ։ Տեղերում ԵԱՀԿ ներկայությունը նպաստում է բարեփոխումների անցկացմանը եւ ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը։ «Գրասենյակը պետք է շարունակի իր աշխատանքը, եւ մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերանայել իր մտադրությունը»,- ընդգծել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը։

Ամփոփելով ելույթը՝ Բաերը նշել է, որ եթե Բաքուն ամեն դեպքում որոշի փակել գրասենյակը, ապա դա բացասաբար կանդրադառնա նրա միջազգային պարտավորությունների կատարման վրա, առաջին հերթին մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պահպանման ոլորտում։