Եթե էներգետիկայի ոլորտում վատնումներ են թույլ տրվել, ապա մեղավորները կհայտնաբերվեն եւ կպատժվեն: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նրա խոսքով՝ քաղաքական հայտարարությունները, այդ թվում կառավարության կողմից, միշտ չէ, որ կարող են համընկնել իրավական բառապաշարի հետ: «Այդ հարցը պետք է բազմակողմանիորեն քննեն իրավասու գերատեսչությունները: Եթե ինչ-որ տեղ եղել են ինչ-որ խախտումներ, եթե հայտնաբերվեն քրեաիրավական բնույթի խախտումներ, ապա վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները համապատասխան գնահատականը կտան»,-հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ բնակչության համար մեկ կբտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 41,85 դրամ (ցերեկային ժամերին) եւ 31,85 դրամ (գիշերային ժամերին): «ՀԷՑ»-ն առաջարկում է սակագները բարձրացնել հասցնելով համապատասխանաբար 58 եւ 48 դրամի: