Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հունիսի 9-ին, նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ նախագահը հանձնարարել է մինչեւ հուլիսի 15-ը վճարել նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը:
«Վարչապետը հաստատեց Երվանդ Զախարյանի խոսքը, ասաց, որ իրենք ամեն ինչ անում են նշված ժամկետներում գումարները փոխանցելու համար: Վարչապետը նաեւ ասաց, որ իրենք չեն ցանկանում, որ գործարանը փակվի եւ եթե լինեն լուրջ ներդրողներ, ամեն ինչ կանեն, որ գործարանը աշխատի»,-ասաց նա:
Անուշ Հարությունյանը նշեց, որ վարչապետը խոստացել է մինչեւ այս ամսվա 15-ը նաիրիտցիներին եւս մեկ ամսվա աշխատավարձ տալ:
Նաիրիտցիները ոգեւորությամբ ընդունեցին այս լուրը: Նրանք առայժմ բողոքի ակցիաներ չեն անի:
Նշենք, որ այսօր՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարկանով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:





























