Սիրիայի իշխանությունները քաղաքացիներին հնարավորինս փոխհատուցում են պատերազմի ժամանակ կորած գույքի դիմաց։ Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով հունիսի 1-5ը հայ-սիրիական խորհրդարանական խմբի հայ պատվիրակների այցը Սիրիա։ Պատգամավորներին Սիրիայի ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադը, ջերմ ընդունելություն է ցուցաբերել։
«Սիրիայի իշխանությունները մեզ հայտնեցին, որ պետությունը փոխհատուցման ծրագիր է իրականացնում։ Իհարկե հիմա նրանք ի վիճակի չեն փոխհատուցել ողջ արժեքը, բայց հնարավորինս օգնում են»,- հայտարարեց Պողոսյանը։
Նա հիշեցրեց, որ Սիրիայում թալանի դեպքերը գրանցված են եղել անգամ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 2 զեկույցներում։ Թալանչի գրոհայինները վաճառում են ոչ միայն նավթը, այլ նաեւ գույքը։ Նշված փաստաթղթերում նկարագրվում են դեպքեր, երբ մի ողջ ընկերություն՝ բաժին-բաժին արված, վաճառվել է Թուրքիային։ «Նույնը վերաբերում է մշակութային ժառանգության համամարդկային հուշարձաններին։ Ցավոք սրտի, խաղաղ սիրիացիների գույքի պահպանման ոչ մի ամբողջական երաշխիք չկա։ Օրինակ, երբ Քեսաբը հետ վերադարձվեց, մարդիկ վերադարձան իրենց տները։ Դրանք պահպանվել էին, սակայն գույքը թալանվել էր։ Եթե որեւէ մեկը փակում է դուռը եւ հեռանում, ապա մնում է միայն հուսալ, որ այդ տարածքում պատերազմական գործողություններ չեն լինի»,- հայտարարեց Պողոսյանը։





























