Թուրքիայում անցկացված ընտրությունները չեն ապահովել արդեն նախկին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար միանձնյա կառավարություն կազմելու հնարավորություն, ինչը մի քանի քաղաքական սցենարներ է նախատեսում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Իսպիրյանի խոսքով՝ Թուրքիայում կառավարություն կազմելու համար «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պետք է առնվազն ունենա 276 պատգամավոր, սակայն կարողացել է խորհրդարան մտցնել 258 պատգամավոր, այսինքն, նրա առաջ կան հետեւյալ տարբերակները.

«Արդեն նախկին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կարող է կոալիցիա կազմել  կամ «Ազգայնական շարժում» կամ «Ժողովրդա-հանրապետական» կամ էլ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հետ։  «Արդարություն եւ զարգացում»-ը կարող է կառավարություն կազմել նաեւ Թուրքիայում ընդունված «փոքրամասնության կառավարություն» մոդելով, այսինքն, միանձնյա կառավարություն է կազմում՝ խորհրդարանական մյուս 3 կուսակցություններից մեկի աջակցությամբ, սակայն այդ աջակցությունը պետք է շարունական լինի։

Առանց «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարություն կարող են կազմել մյուս երեք կուսակցությունները միասին, սակայն հաշվի առնելով, որ նրանցից մեկը «Ազգայնական շարժում» կուսակցությունն է, մյուսը՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն, ապա սա քիչ հավանական տարբերակներից է։ Մյուս տարբերակով կարող են հիշյալ 3 կուսակցություններից 2-ը «փոքրամասնության կառավարություն» սկզբունքով կոալիցիա կազմել՝ ստանալով մյուս երկու կուսակցությունների աջակցությունը»,-ասաց Իսպիրյանը՝ ներկայացնելով նաեւ ընտրություններից հետո տեղի ունենալիք ընթացակարգերի մասին համառոտ տեղեկություններ։

«Առաջիկա 10 օրվա ընթացքում Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրությունների վերջնական տվյալները, որից 5 օր անց ամենատարեց պատգամավորի նախագահությամբ տեղի է ունենալու պատգամավորների երդման արարողությունը։ Այդ ժամանակ նախագահ Էրդողանը ամենաշատ ձայներ հավաքած կուսակցության անդամներից մեկին, ենթադրաբար Դավութօղլուին, կհանձնարարի 45 օրյա ժամկետում կառավարություն ձեւավորել։

Եթե հիշյալ ժամանակահատվածում չհաջողվի կառավարություն ձեւավորել, Էրդողանը կարող է նոր անձի հանձնարարել կամ հայտարարել վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին։ Այս տարբերակի դեպքում Թուրքիայում նոյեմբերի վերջին կանցկացվի վաղաժամ խորհրդարանական ընտրություններ»,-ամփոփեց Իսպիրյանը։