Ստեփանակերտում ամփոփվել են նախորդ տարվա ձմեռային զորակոչի արդյունքներն ու ընթացիկ տարվա ամառային զորակոչի խնդիրները:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 9-ին տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ելույթից հետո գլխավոր զինկոմը ներկայացրել է 2014թ. ձմեռային զորակոչի արդյունքները, ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետեւ ներկայացրել է ամառային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նա հավաստիացրել է, որ ամառային զորակոչի նախապատրաստական գործընթացների լիարժեք կատարման արդյունքում` այսօր առկա են բոլոր նախապայմանները զինված ուժերի հերթական համալրումը իրականացնելու համար:

Կատարված աշխատանքները բավարար է գնահատել նաեւ ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետը, որը մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել նաեւ զորամասերում եւ ստորաբաժանումներում` նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող նախապատրաստական գործընթացների ընդհանուր վիճակը:

Խորհրդակցության ավարտին մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգեւատրվել պատվոգրերով եւ հուշանվերներով: