Թուրքիայի խորհրդարանակն ընտրությունների արդյունքում պատգամավոր դարձած 3 հայերը չեն կարող արտաքին կամ ներքին քաղաքական դերակատարություն ունենալ, սակայն մեծ օգուտ կարող են տալ Թուրքիայի հայերին։ Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով՝ իմաստ չունի սպասել, որ Թուրքիայի խորհրդարանում հայտնված 3 հայ պատգամավորները Հայոց ցեղասպանության հարցը կլուծեն։  Նա շեշտեց, որ 3 պատգամավորներից միայն Կարո Փայլանը կարող է հանգիստ խոսել Հայոց ցեղասպանությունից, քանի որ իր կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։

«Կարո Փայլանը նաեւ հայտնի իր հայանպաստ գործունեությամբ։ Նա տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ բանավիճել է թուրք պատմաբանների ու քաղաքագետների հետ եւ ապացուցել, որ ցեղասպանություն եղել է։  Կարո Փայլանը հայտնի է նաեւ Ստամբուլի հայկական դպրոցներում հայերենի ուսուցման խնդրով եւ աշխատանքներ է տարել այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերվում է մյուս երկու հայ պատգամավորներին, նրանց ներկայությունը խորհրդարանում կարող է օգուտ տալ տեղի հայությանը, քանի որ Թուրքիայում չկա հայկական քաղաքական կառույց, որը կզբաղվեր հայերի իրավունքների պաշտպանությամբ եւ անվտանգության խնդիրներով ավելի հետաքրքրված կլիներ։ Այս 3 հայ պատգամավորների ներկայությունը ստամբուլահայ համայնքի մոտ կարող է պաշտպանվածության զգացողություն առաջացնել, ինչը եւս կարեւոր է»,-ասաց Իսպիրյանը։