Բրազիլիայի ԱԳՆ-ն Անկարայի կողմից իր դեսպանին հետ կանչելու կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ցավում է Թուրքիայի կառավարության կողմից իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու այդ որոշման համար, որը պայմանավորված է Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ ընդունելու հանգամանքով, գրում է Asbarez-ը։

ԱԳՆ-ն նաեւ հայտարարել է, որ ցավում է Սենատի կողմից  № 550 նախագծի կապակցությամբ թուրքական կառավարության հայտարարության մեջ արված ձեւակերպումների համար։ Այդ նախագիծը հայ բնակչության բնաջնջումների 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդի հանդեպ համերաշխության ժեստի դրսեւորում էր։

«Հունիսի 1-ին Թուրքիայի դեսպանին կանչել էին ԱԳՆ, որտեղ նրան ընդունել էր ԱԳՆ Գլխավոր քարտուղարը, դեսպան Սերժիու Դանեզին, որը բացատրություններ էր տվել Սենատում ընթացող գործընթացների, այդ նախագծի նշանակության եւ այդ հարցում Բրազիլիայի ավանդական դիրքորոշման կապակցությամբ, որն անփոփոխ է մնում։ Նույն բացատրությունները Գլխավոր քարտուղարը տվել էր ՀՀ դեսպանին»,- ասված է հայտարարության մեջ։

«Սենատը գործել է իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում եւ Բրազիլիայի Սահմանադրությամբ ամրագրված իր անկախ իրավասություններին համապատասխան։ Բրազիլիայի կառավարությունը այսուհետ ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք երկուստեք որակվում են որպես ռազմավարական, մոտ ժամանակներս կվերադառնան իրենց բնական ընթացքին»,- հավելել է ԱԳՆ-ն։

Այդ կապակցությամբ Հարավային Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Ալֆոնսո Տաբակյանը հայտարարել է. «Ամեն անգամ, երբ Թուրքիան զգում է, որ նրա ժխտման մարտավարությանը վտանգ է սպառնում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հերթական բանաձեւի պատճառով, նա ճնշում է գործադրում եւ գործի է դնում իր դիվանագիտական աղբյուրները։ Բրազիլիայի Սենատը եւս մեկ քայլ է արել եւ միացել է Հարավային Ամերիկայի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններին, որոնք մարդկության դեմ գործած այս հանցագործության հարցում ընտրել են ճշմարտության եւ արդարության ուղին»։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Բրազիլիայի Սենատը Հայոց ցեղասպանության կապակցությամբ բանաձեւ է ընդունել։ Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացության մատնվի, որպեսզի աշխարհում մարդկության դեմ հանցագործությունները չկրկնվեն։

Դրանից հետո Թուրքիան Բրազիլիայից հետ էր կանչել իր դեսպանիրն խորհրդատվությունների համար։