Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել իր այցելությունն Ադրբեջան, քանի որ կառավարությունը վերջին պահին հայտարարել է, որ առաքելությունը պետք է հետաձգվի մինչեւ Եվրոպական խաղերի ավարտը։ Այս մասին տեղեկացնում է Amnesty International-ի պաշտոնական կայքը։
Այցը, որը նախատեսված էր «Ադրբեջան. բռնաճնշումների խաղեր. ձայներ, որոնք դուք չեք լսի Եվրոպական խաղերի ժամանակ» թեմայով ճեպազրույց անցկացնելու համար, չեղյալ էր հայտարարվել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատնից հաղորդագրություն ստանալուց հետո, որում ասված է, թե Ադրբեջանը չի կարող այս պահին Բաքվում ընդունել առաքելությունը, եւ ցանկացած այց պետք է հետաձգել մինչեւ խաղերի ավարտը։
«Քամահրանք է այն, որ չի կայանալու ճեպազրույցը, որի թեման Եվրոպական խաղերից առաջ քննադատների ձայները լռեցնելն է։ Սակայն այդ մասին լուրերը թաքցնելու փոխարեն իշխանությունների գործողությունները միայն ընդգծում են խաղերից առաջ քննադատությունից ազատ գոտի ստեղծելու իրենց ջանքերը»,- ասել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերով Amnesty International-ի փոխտնօրեն Դենիս Կրիվոշեեւը։





























