Կառավարությունը չի կարողանում բացատրել, թե Հայաստանի տնտեսական զարգացմանն օգուտ տվել են արդյոք կենսաթոշակային բարեփոխումներից ստացված գումարները։ Այս մասին հունիսի 10-ին խորհրդարանում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
2014թ. պետբյուջեից մասնավոր ֆոնդերին հատկացվել է 10 մլրդ դրամ (որպես քաղաքացիների կենսաթոշակային վճարների համաֆինանսավորում)։
«Այդ գումարները ներդրվե՞լ են իրական սեկտորի մեջ։ Ոչ։ Հիմնական մասը պարտատոմսերի տեսքով ծախսվել է պետական պարտքի ներքին ֆինանսավորման վրա։ Կուտակային ֆոնդերի մասնակիցները դրանից ստանալու են 6-7 տոկոս։ Բյուջեի եկամուտը տալիս են մասնավոր սեկտորին, իսկ հետո գնում են այդ սեկտորից 13 տոկոսով պարտք են խնդրում։ Ո՞րն է տրամաբանությունը։ Դա ապացուցում է, որ իշխանությունները մտածում են միայն այսօրվա մասին։ Ռազմավարական մոտեցում չկա»,- հայտարարեց Մինասյանը։




























