ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ՀՀ պաշտպանության նախարարին, նրա ընտանիքին, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգը վարկաբեկող, ինչպես նաեւ որոշ հանցագործությունների համար մեղադրանք պարունակող հրապարակումների հետ:

Դատախազության հաղորդագրությունում մասնավորապես, նշվում է, որ այդ հրապարակումներում նշված փաստերի իսկությունը ստուգելու եւ համապատասխան իրավական  գործընթաց ձեռնարկելու միջնորդությամբ  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից 27.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց  հետո, նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի  Հովհաննես Հայրապետյանի` մահվան ելքով վթարին մասնակցության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են  ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացքը լուծելու համար:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ   Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով 12.06.2002թ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի  դեպքի  առթիվ  հարուցված քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2003թ. դատավճռով Աննա Հայկի Խաչատրյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամանակով: Հետեւաբար, նշված դեպքին Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է ուսումնասիրելու համար:

Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը»,-ասված է հաղորդագրության մեջ: