Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը, ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում, գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար, եւ բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նպաստում են միջպետական հարաբերությունների եւ երկկողմ համագործակցության զարգացմանը:

Ճեն Չանջին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ վարչապետին փոխանցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Չինաստանը կարեւորում է մեր երկրի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը եւ ընդլայնումը:

Գոհունակություն հայտնելով համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքից՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ տնտեսական, հումանիտար, տեխնիկական համագործակցության ընդլայնման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերի շուրջ: Տնտեսական կապերի սերտացման համատեքստում կարեւորվել է հայ-չինական միջկառավարական առեւտրատնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանն ամենամյա անհատույց օգնություն տրամադրելու համար եւ իր ջերմ ողջույնները փոխանցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանին: