Բուժման նպատակով պետք է օգնել բոլոր զինծառայողներին, որոնք երբեւէ վիրավորվել են հայրենիքի պաշտպանության համար։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ ներկայացնելով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրինագիծը, որը կազմել են անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։
Օրինագծի համաձայն՝ վիրավորված զինծառայողները, որոնց բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, բուժում կստանան արտասահմանում պետբյուջեի հաշվին։ «Նախկինում այս աշխատանքն իրականցնում էր ՊՆ-ն, ընդունվում էին նաեւ մասնավոր անձանց հանգանակությունները։ Այս օրինագիծը աշխատանքը կտեղափոխի պետական քաղաքականության ոլորտ»,- հայտարարեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մտածել այն մասին, որ օրինագիծը հետադարձ ուժ ստանա եւ վերաբերի բոլոր նրանց վրա, ովքեր երբեւէ վիրավորվել են հայրենիքի պաշտպանության համար։ «Նրանք մեղավոր չեն, որ իրենց ժամանակ օրենքը չի եղել։ Մենք ցանկանում ենք նման վերաբերմունք ցույց տալ բոլորի նկատմամբ։ Կարծում եմ, ոչ ոք չի առարկի»,- հայտարարեց Հակոբյանը։





























