Պատգամավորներն առաջարկում են հայ զինվորականների բուժման ֆոնդ ստեղծել, որտեղ բոլոր բարի կամք դրսեւորողները կարող են նվիրատվություններ կատարել։ Այս մասին  հունիսի 11-ին խորհրդարանում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

Առաջարկը պաշտպանել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նշեց, որ շատ հայեր, այդ թվում՝ Սփյուռքից, պատրաստ կլինեն մասնակցել այդ նախագծին։

Խնդիրն այն է, որ «Բյուջետային համակարգի մասին» օրենքը թույլ չի տալիս նման ֆոնդ ստեղծել, եթե անգամ փոխանցումները կատարվեն պետական բյուջեի միջոցով։ «Պետք է նման  հնարավորություն ստեղծել եւ օրենսդրական աշխատանք տանել։ Ես պատրաստ եմ դրան մասնակցել»,- ասաց Մինասյանը։