Բեռլինում էկումենիկ աղոթքից հետո Գերմանիայի նախագահը հստակ ասաց, որ հայերի նկատմամբ կատարվածը Ցեղասպանություն է եղել։ Այս մասին հունիսի 11-ին՝ «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների ենթատեքստում» կոնֆերանսի ժամանակ, հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելլը։

«Ապրիլի 23-ին  մեր նախագահը հստակ ասաց, որ դա ցեղասպանություն էր։ Ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկումներ կայացան, եւ խորհրդարանի խոսնակը նույնպես հստակ ասաց, որ դա ցեղասպանություն էր։ Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւեր են ներկայացրել ինչպես իշխող Քրիստոնյա դեմոկրատական  խմբակցության, այնպես էլ, Քրիստոնեա-սոցիալիստական, Ձախակողմյան եւ Կանաչների խմբակցությունների կողմից։ Այդ բոլոր խմբակցությունների  ներկայացուցիչները կատարվածը որակեցին ցեղասպանություն եզրով»։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկել էր Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով։ Բանաձեւի նախագծեր էին ներկայացրել ինչպես իշխող կոալիցիայի՝ Քրիստոնյա-դեմոկրատական միություն ու Քրիստոնյա-սոցիալիստական միություն խմբակցությունները, այնպես էլ Գերմանիայի  սոցիալիստական կուսակցության, Ձախերի ու Կանաչների ներկայացուցիչները։ Մեկ ժամից ավել տեւած քննարկումների ժամանակ ելույթ են ունեցել բոլոր այդ խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք բոլորն էլ իրենց ելույթներում օգտագործել էին ցեղասպանություն բառը։

Նշենք, որ իշխող կոալիցիայի բանաձեւի նախագծում ցեղասպանություն բառը հիշատակվում է միայն հպանցիկ եւ բացակայում է վերնագրից։ Փոքրամասնություն կազմող Ձախերի եւ Կանաչների բանաձեւի նախագծում ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը առաջնային պլանում է: