Նոր ներդրումային ծրագիրը թույլ կտա բեռնաթափել Հայաստանի հարավի պոչամբարները։ Այդ մասին ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ խորհրդարանում ներկայացնելով Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագիրը: Օրինագիծը կառավարության հավանությանն էր արժանացել մայիսի 7-ին։
Երե պոչամբարներն էլ գտնվում են Սյունիքի մարզում եւ սպասարկում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Ողջին եւ Փխրուտը համեմատաբար փոքր են՝ 3,2 եւ 30 մլն խմ համապատասխանաբար, եւ երկուսն էլ կոնսերվացված են։ Ամենախոշորը Արծվանիկի պոչամբարն է՝ 310 մլն խմ ծավալով եւ արդեն 95 տոկոսով լցված է։ Տարեկան այնտեղ 18 մլն խմ վերամշակված հանքանյութ է թափվում։
Ծրագրի առաջին փուլով ներդրողը՝ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն նախատեսում է մինչեւ 330 միլիոն դոլար ներդրումներ կատարել, ընկերությունը նախատեսում է 12.5 մլն խմ նյութ վերցնել այդ պոչամբարներից եւ կառուցված գործարանում վերամշակել: Վերամշակման արդյունքում հնարավոր է ունենալ մի քանի տեսակի արտադրանք, այդ թվում՝ մետաղական խտանյութի տեսքով եւ ոչ մետաղական տարբեր նյութերի տեսքով:





























