6 տարվա աշխատանքից հետո լույս է տեսել գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» վեպ: «Անտարես» հրատարակչության կողմից լույս  տեսած գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 11-ին:

«Մոսկվան կարծես մեզ լիովին հայտնի է, բայց եթե նայենք մեր գրականությունը շատ քիչ գրքեր կան, որոնք պատմում են, թե հայն ինչպես է տեսնում Մոսկվան: Այստեղ խոսքը Մոսկվայի մասին չէ միայն, ինքնության որոնման, ինքնությունների բախման խնդիր է, թե հայն ինչպես է զգում իրեն Մոսկվայում, ինչպես է նրան տեսնում ռուսը, որն ապրում է Մոսկվայում: Վեպում կա Վիեննան, կա Փարիզը, կա սփյուռքը եւ, նկարագրված է ժամանակակից մարդը, նրա ապրումները: Առանցքային կերպարը հայ երիտասարդն է, մտավորականը, արվեստի, մշակույթի մարդը, որը հանգմանքների բերումով հայտնվել է Մոսկվայում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վահրամ Մարտիրոյանը:

Վեպն առանձնահատուկ է նրանով, որ այն հեղինակի առաջին ստեղծագործությունն է սիրավեպի ժանրում:

«Սիրավեպ է ոչ այն իմաստով, որ սենտիմենտալ է, ոչ այն իմաստով, որ ուրիշ ոչ մի բան չկա, բացի երկու հոգու տվայտանքներից, երջանիկ կամ դժբախտ ապրումնեից: Առանցքը սերն է, որը կարծես մեր երկիը համակած իրադարձությունների պատճառով արվեստի տեսադաշտից դուրս է մնացել»,- նշեց հեղինակը:

«Սերը Մոսկվայում» վեպում նկարագրված են մեր օրերը՝ 2008-ից մինչեւ 2013-2014 թթ., այն բաղկացած է 420 էջից: