«Հայաստանի Էլցանցերում» էլեկտրաէներգիայի կորուստները 2007-15 թվականներին հասել են 25 մլրդ դրամի (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 52 մլն դոլար - խմբ.): Այս մասին հունիսի 12-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
2007 թվականից բաշխիչ ցանցերում կորուստները պլանային ցուցանիշը գերազանցել են 1.5-2%-ով: Անցած տարիների ընթացքում վնասը կազմել է 25 մլրդ դրամ, ընդ որում, ըստ Նազարյանի, Հանձնաժողովը միշտ հրաժարվել է դրանք ներառել սակագնում:
Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագնում ներառվում են 11.2%-ից ոչ ավելի կորուստները: Իսկ «Էլցանցերի» փաստացի կորուստները 2014 թվականին կազմել են 12.9%:
Նշենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 6.93 դրամով՝ 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլցանցերը»: Ներկայում բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց:




























