«Հայաստանի Էլցանցերը» գերշահույթ չունի: Այս մասին հունիսի 12-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

«Ոմանք ասում կամ գրում են, որ ՌԱՕ ԵԷՍ-ը 65%-ի շահույթ ունի: Այդպես է, թե՝ ոչ, բայց «Էլցանցեր»-ին դա չի վերաբերում: Այո, այն ՌԱՈ ԵԷՍ-ի դուստր ձեռնարկությունն է, բայց նրա ցուցանիշներն այլ են: Վերջին 2 տարիներին ընկերության վնասը կազմել է շուրջ 9 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 19 մլն դոլար - խմբ.):

Մասամբ խառը էներգաբալանսի պատճառով, որի մասին մենք բազմիցս ենք ասել, մասամբ, մեր կարծիքով ոչ արդյունավետ կառավարման պատճառով։ Բայց այս տվյալները հավաստի են, դրանք հաստատել է խոշոր աուդիտորական ընկերությունը (Ernst&Young –խմբ.)», - ասել է Նազարյանը։

Նշենք, որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 6.93 դրամով՝ 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլցանցերը»: Ներկայում բնակչության համար ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց: