«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի դեմ մայիսի 6-ի գիշերը կատարված հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործում հետաքրքիր նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

NEWS.am-ը դեռ հուլիսի 23-ին էր գրել, որ լրագրողի վրա հարձակումը բացահայտվել է, իսկ դրա հեղինակը ԱԺ պատգամավորներից մեկն էր, որը, անձնական հաշիվներ ունենալով Մնացականյանի հետ, օգտվել է ստեղծված հարմար պահից, եւ իր սափրագլուխներին ուղարկել՝ ծեծի ենթարկելու Մնացականյանին: Ոստիկանությունն այնուհետեւ հերքեց բացահայտման մասին լուրը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 00.02-ին Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց 2 անհայտ անձինք ծեծի էին ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանին եւ դիմել փախուստի: Հեռուստալրագրողը վնասվածքներ էր ստացել գլխին, ձեռքին եւ ոտքին:

Պարզվում է, որ մեր հրապարակումից օրեր անց ոստիկանությունը ձերբակալել է 2 հոգու: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այս գործով ձերբակալվել են Էջմիածին քաղաքի բնակիչներ, 1987թ. ծնված Դավիթ Խաչատրյանն ու Վահե Թադեւոսյանը, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չբացակայելու ստորագրությունը: Զավեշտալին այն է, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել ոչ թե սկզբնապես հարուցված մեղադրանքով՝ միջին աստիճանի վնասվածք հասցնելու համար, այլ Քրեական օրենսգրքի այլ՝ թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով, եւ դրա համար պատիժն էլ ավելի թեթեւ է լինելու: Իսկ դա լուրջ կասկածներ է հարուցում, որ գործը քննող իրավապահները ուղղակի քավության նոխազներ են գտել, որոնց գլխին էլ բարդելու են լրագրողին ծեծի ենթարկելու մեղքը, իսկ իրական մեղավորներն ու պատասխանատուները մնալու են անպատիժ:

Զարմանալի է նաեւ ոստիկանության տված բացատրությունը հանցագործության դրադապատճառների մասին, իբր երիտասարդները,Նվեր Մնացականյանին ծեծի ենթարկելով, պարզապես խուլիգանություն են արել, եւ ոչ ավելին:

Ի դեպ, Նվեր Մնացականյանից մեկնաբանություններ ստանալ մեզ չհաջողվեց: «Շանթ» հեռուստաընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Նվեր Մնացականյանը օգոստոսի 15-ից մեկնել է արձակուրդի: