2 շաբաթ առաջ ավտովթարի հետեւանքով վիրավորված՝ տաքսու ուղեւորուհի, 33-ամյա Արմինե Ալեքյանի վիճակը փոքր ինչ կայունացել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:
«Վիճակը կայունացել է մի փոքր, դրական տեղաշարժ կա, բայց դեռ վտանգը չի անցել»,- ասաց բժիշկը:
Նշենք, որ Արմինե Ալեքյանի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2015թ. հունիսի 2-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել Երեւանի Աթոյան եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 23US344 համարանիշի եւ «Հույսի քարավան» տաքսի ծառայության պատկանող «Ռենո» մակնիշի L 3121 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինս բախվել է սյանը: Վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու մեքենաների վարորդներն ու տաքսու երկու ուղեւորները: Հիվանդանոցում ուղեւորներից 47-ամյա Սուսաննա Խաչատրյանը մահացել էր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 242 հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն:





























