Հայաստանի դպրոցներում սկսվել են ամենաերկարատեւ ու երեխաների կողմից երկար սպասված ամառային արձակուրդները: Իսկ նրանց ծնողների համար սկսվել է անհանգստության փուլը:

Եթե սովորական աշխատանքային օրերին երեխաները կես օր դպրոցում են անցկացնում, հիմա ամբողջ ժամանակ ազատ են: Պիոներական ճամբարների, տատիկի մոտ գյուղում հանգստի, ամառային բակային ճամբարների ժամանակներն անցել են:

Ծնողների մեծ մասը, երեխաների էներգիան կառուցողական հունի մեջ դնելու համար, նրանց ամառային դպրոցներ են ուղարկում: Բայց դա ոչ բոլորի գրպանին է հարմար: Արդյունքում տարբեր տարիքի երեխաներ ամառային արձակուրդն անցկացնում են տոթ քաղաքում՝ ժամանակն անցկացնելու տարբեր միջոցներ հորինելով, որոնք հաճախ վտանգավոր են լինում իրենց եւ շրջապատի համար:

Քաղաքային իշխանություններն ինչ-որ չափով լուծել են հարցը՝ բազմաթիվ բակերում մարզասարքեր եւ ճոճանակներ տեղադրելով: Ամեն դեպքում՝ կարելի է զբաղվել: Իսկ ի՞նչ անել այն բակերում, ուր «առաջընթացը» դեռեւս չի հասել: Հենց երեկ այսպիսի տեսարանի ականատես եղա: Երեք տղաներ կանգնած են գազի խողովակի մոտ: Նրանցից մեկը՝ «իսկ դուք այսպես կարո՞ղ եք» ասելով՝ սկսում է ձգվել խողովակի վրա: Նկատողությունը, որ գազի խողովակի վրա չի կարելի ակրոբատիկ հնարքներ կատարել, տղաներն ընդունում են մռայլ լռությամբ: Մտնում եմ շենք, մի քանի րոպե անց՝ վերադառնում. երեքն էլ խողովակի վրա են:

Եվ սա եզակի դեպք չէ: Հասկանալով բոլոր այն դժվարությունները, որոնց բախվում են երեխաների ծնողները, ամեն դեպքում, անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել նրանց դաստիարակությանը եւ հետաքրքրվել, թե ինչով են նրանք զբաղվում ծնողների աչքից հեռու: Որպեսզի ամառային արձակուրդներն իսկապես հանգստի եւ զվարճանքի վերածվեն, այլ ոչ թե անհանգստության եւ բժիշկներին այցելության առիթ դառնան: