NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Էնդրյու Քոնելիի՝ ամերիկյան «Politico» ամսագրում հրապարակված հոդվածը:
Ուրախացե՛ք: Այն բանից հետո, երբ Եվրոպան տարիներ շարունակ նախանձով էր հետեւում Ասիայից, Աֆրիկայից, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից միմյանց հետ մրցող մարզիկներին, հիմա, վերջապես, կա մրցույթ, որը կարող է իրենն անվանել: Ուղիղ եթերում պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերն են աշխարհում ամենաշատ գրաքննությունն ունեցող երկրում:
Դեռեւս հունիսի 12-ի բացման արարողությունից առաջ ահազանգեր էին հնչում, որ այդ իրադարձությունն օլիմպիական իդեալների չի հասնելու: «Amnesty International»-ի ներկայացուցիչներին, որոնք ծրագրում էին խաղերի ժամանակ Բաքվում մամուլի ասուլիս հրավիրել՝ այդ երկրում քաղբանտարկյալների խնդիրն ընդգծելու համար, մուտքի վիզա չտրամադրեցին: Նույնը եղավ նաեւ «Human Rights Watch»-ի պատվիրակների պարագայում: «Platform London»-ից բրիտանացի ակտիվիստին ավելի քան 30 ժամ Բաքվի օդանավակայանում օահեցին, այնուհետեւ արտաքսեցին երկրից: Իսկ «BBC»-ի, «The Guardian»-ի, «Radio France International»-ի եւ «ARD»-ի լրագրողներին չհավատարմագրեցին:
Երբ այս լուրը տարածվեց, ես մասնակցում էի մի մամուլի ասուլիսի, որի ընթացքում նախագահի խորհրդական Ալի Հասանովը հայտարարեց, թե դա հակաադրբեջանական արշավ է, որը կազմակերպել են երկրի հաջողություններին նախանձող արեւմտյան տարրերը: Սա կարելի է այսպես մեկնաբանել. պետական պաշտոնյաները չեն սիրում այն լրատվամիջոցներին, որոնք հետաքննում են պնդումներն այն մասին, որ վերջին տարիներին նրանք միլիարդների հասնող պետական ակտիվները փոխանցում են իրենց անձնական հաշվեհամարներին, ոչնչացնում են անկախ մամուլն ու չեզոքացնում կամ բանտարկում նրանց, ովքեր համարձակվում են դեմ արտահայտվել նրանց գործողություններին:
Նույնիսկ պրագմատիկ տեսանկյունից խոշորագույն լրատվամիջոցների լրագրողներին մուտքի վիզայի մերժումն անզգույշ քայլ էր, որը հակառակ արդյունքը տվեց: Խնդիրները քողարկելու փոխարեն, Ադրբեջանի կառավարությունը, ընդհակառակը, ուժեղացրեց դրանց քննարկումը:
Հռոմեական կայսրությունում ասում էին, որ բնակիչների երջանկության համար միայն հաց եւ տեսարժան որեւէ բան է հարկավոր: Ենթադրությունների համաձայն, Ադրբեջանը մինչեւ 10 մլրդ դոլար է ծախսել Եվրոպական խաղերի անցկացման համար: Սակայն հացը կարող է շքեղություն լինել այդ երկրում որոշ մարդկանց համար, որտեղ միջին ամսական աշխատավարձը շուրջ 400 դոլար է կազմում, եւ զգալիորեն ավելի քիչ՝ մայրաքաղաքի սահմաններից դուրս:
Խաղերին Լեդի Գագայի մասնակցությունը խիստ գաղտնի էր պահվում մինչեւ վերջին րոպեն, երբ նա հայտնվեց ծաղիկներով զարդարված դաշնամուրի մոտ՝ Ջոն Լենոնի «Imagine»-ը կատարելու համար: Կախված երկրի մշակութային առանձնահատկություններից, որտեղ այդ երգը կատարում են, երգիչները երբեմն բաց են թողնում այն բառերը, որոնք ակնարկում են, թե Աստված չկա: Բայց մինչեւ վերջին շաբաթը ես երբեք չէի լսել երգի այն տարբերակը, որտեղ բաց են թողնում «Ագահություն կամ քաղց մեզ անհրաժեշտ չեն» բառերը: Հավանաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախապես օգտակար արտիստիկ ուղղություն է տվել կատարողին:





























