Գետառը փակելու հետեւանքով Երեւանին նույնպես  սպառնում է հունիսի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ նշելով, որ հենց այդ պատճառով էին իրենք ժամանակին պայքարում Գետառը փակելու դեմ :

«Հատկապես այդ պատճառով էինք պայքարում, որ Գետառը չփակեն: Մեզ չլսեցին, մոռացան: Ջրամբարները կառուցապատեցին, շենքեր կառուցեցին, շինարարական աղբով լցրին, Գետառն էլ փակեցին, վրան ռեստորաններ շարեցին, կամ տրանսպորտային հանգույցներ կառուցեցին, որոնք այնքան ցածր են, որ անձրեւ գալիս տրանսպորտային հանգույցները ջրով են լցվում եւ  չեն գործում»,-ասաց բնապահպանը:

Կարինե Դանիելյանի խոսքով՝ Հայաստանին սելավներ սպառնում են միայն գարնանը եւ աշնանը՝ ձնհալից եւ հորդառատ անձրեւներից հետո:

«Հայաստանում այս սեզոնին Թբիլիսիի ջրհեղեղի նման սցենար հնարավոր չէ, որովհետեւ արդեն ձնհալը վերջացել է: Հիմա մենք արդեն ակտիվ անձրեւներ դժվար ունենանք, բայց գարնանը, աշնանը, իհարկե, ռիսկեր կան»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ին Թբիլիսիում աննախադեպ տեղատարափից հետո տեղի է ունեցել ջրհեղեղ: Նախնական տվյալներով՝ զոհվել է 19 մարդ, կա 8 անհետ կորած, ավելի քան 30 մարդ վիրավորվել է: Հեղեղվել էր նաեւ մայրաքաղաքի կենդանաբանական այգին, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։ Թբիլիսիի կենդանաբանական այգու 600 կենդանիներից 300-ն է ողջ մնացել: Մնացածը կամ սատկել են տեղում, կամ փախուստի են դիմել վանդակներից եւ նրանց վնասազերծել են հատուկջոկատայինները: