Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 1 տարի ժամկետ է տվել Հայաստանին եւ Ադրբեջանին դիտարկումներ ներկայացնել նրանց դեմ ներկայացված հայցերի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության փոխնախարար, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի օգնական Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Սարգսյանի եւ Չիրագովի գործերին:

«ՄԻԵԴ-ը ուղղակիորեն սահմանել է, որ ծանուցման պահից սկսած 12 ամսվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պետք է ներկայացնեն գրավոր դիտարկումները խնդրի վերաբերյալ, հատկապես դատարանին պետք է տեղեկացնեն երկու երկրների միջեւ հնարավոր համաձայնության մասին»,-ասաց Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպական դատարանն արձանագրել է կարեւոր մի քանի շեշտադրումներ, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ցուցաբերվում է սոցիալ-տնտեսական եւ այլ բնույթի աջակցություն, սակայն Հայաստանը ԼՂՀ-ում իշխանություն չի իրականացնում, ինչը հաստատվել է նաեւ Եվրոպական դատարանի նախնական վճռով:

Նշենք, որ հունիսի 16-ին, ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործերով:

Որոշման համաձայն՝ խախտվել է սեփականության պաշտպանության իրավունքը, անձնական եւ ընտանեկան կյանքի հարգման իրավունքը, նաեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

ՄԻԵԴ-ը 2010թ. 15-ին առաջին անգամ սկսել էր ուսումնասիրել հայ ընտանիքի հայցը ընդդեմ Ադրբեջանի։ Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006թ. օգոստոսի 11-ին հայց էր ներկայացրել իր տունը ավերելու եւ իրեն բռնի կերպով դուրս հանելու կապակցությամբ։ Սարգսյանը նշել էր, որ հիմա իր տանը օտար մարդ է ապրում, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանցի։ Ներկայումս Սարգսյանը մահացել է, իսկ նրա այրին եւ 2 երեխաները շարունակում են հետեւել գործին։

Սարգսյանն իր  հայցով մեղադրանք է ներկայացրել գույքի տիրապետման եւ օգտագործման իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքը ոտնահարելու, Ադրբեջանում հայկական գերեզմանների ոչնչացման եւ հայերին իրավական պաշտպանությունից զրկելու, ազգային եւ կրոնական պատկանելիության պատճառով հայերի դեմ խտրականություն դրսեւորելու համար։