Ամերիկյան լրագրող Չարլզ Ֆլեմինգը մեկն է նրանցից, ում հաջողվել է հարցազրույց վերցնել ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանից:

Գործարարի մահից հետո «Los Angeles Times»-ի կայքում հրապարակված «Երեկո Քըրքորյան-գիշատչի հետ» վերնագրով հոդվածում Ֆլեմինգը միլիարդատիրոջ հետ հանդիպումից տպավորություններն է ներկայացրել:

1995 թվականի վերջին լրագրողին խնդրում են «Vanity Fair» ամսագրի համար հոդված գրել Քըրքորյանի մասին:

Միլիարդատերը, որն այն ժամանակ 78 տարեկան էր, հայտնի էր նրանով, որ խուսափում էր լրագրողների հետ շփումից, սակայն «Vanity Fair»-ը պնդում է, որ նյութը պատրաստվի:

Լրագրողի խոսքով, հարցազրույց է վերցնում հնարավոր բոլոր մարդկանցից՝ հոլիվուդյան կինոստուդիայի ներկայացուցիչներից, Լաս Վեգասում խաղատան աշխատակիցներից, ընկերներից, պաշտոնատար անձանցից: Եվ բոլորը հավաստում են, որ Քըրքորյանը ոչ միայն չի հանդիպի նրա հետ, այլ նույնիսկ հեռախոսով չի խոսի:

«Բայց մի օր առավոտյան հեռախոսիս զանգ եկավ: Կարող եմ այսօր երեկոյան Լաս Վեգասի MGM Grand-ում հանդիպել Քըրքորյանին: Կանոնները պարզ էին. նոթատետր չբերել, հարցազրույց չակնկալել, պարզապես գնալ հանդիպման»,- հիշում է Ֆլեմինգը:

Լրագրողին ուղեկցում են ռեստորան, ուր Քըրքորյանը գալիս է փոքր-ինչ ուշացած: «Նա լայն տաբատ էր հագել եւ վերնաշապիկ: Նրա երկար վարսերը խոնավ էին: Նա թենիս էր խաղացել, որը նրա կիրքն էր»,- գրում է լրագրողը:

Միլիարդատիրոջ ձեռքին մեքենայի բանալի էր, որը նա անձամբ էր կայանել MGM-ի կայանատեղիում: «Նա ներողություն խնդրեց ուշանալու համար: Նրա ոչ թանկարժեք Timex ժամացույցը վնասվել էր, եւ նա մոռացել էր հետեւել ժամին»,- հիշում է Ֆլեմինգը:

Ճաշի ժամանակ նա հանգիստ, շփվող, բարեսիրտ մարդու տպավորություն է թողնում: Նա հանգիստ խոսում է Ֆրեզնոյում անցկացրած մանկության, դպրոցի, բռնցքամարտիկի կարիերայի, Երկրորդ աշխարհամարտից հետո բիզնես սկսելու մասին:

Քըրքորյանն ընկերաբար զրուցում է նաեւ մատուցողի հետ, որին անունով գիտեր: Երբ բերում են հաշիվը, միլիարդատերը գրպանից հանում է ռետինե օղակով ամրացված թղթադրամների եւ կրեդիտ-քարտերի տրցակը եւ վճարում: Հեռանալով՝ նա ներողություն է խնդրում վաղ հեռանալու համար. նա թենիսի խաղ ուներ:

«Հոդվածը, որը ես ի վերջո գրեցի, արդարացի էր եւ հավասարակշռված եւ, իհարկե, նրա հետ անցկացրած հաճելի երեկոյի ազդեցությամբ: Բայց հետո ես իմացա, որ նրա օգնականներն այնքան զայրացած են եղել Vanity Fair-ի «Գիշատիչը» վերնագրից, որ նրան նույնիսկ ցույց չեն տվել հոդվածը»,- ամփոփել է հեղինակը: