Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով Քննչական կոմիտեն շատ արագ ավարտել է նախաքննությունը, սակայն գործով հսկող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ գործը վերադարձնելով ՔԿ-ին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից

Դատախազությունից հայտնեցին, որ հունիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից Շիրակի մարզի դատախազություն է ստացվել նշված քրեական գործը եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաները՝ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով դրանք Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու միջնորդությամբ: Շիրակի մարզի դատախազությունում նշված քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու վերաբերյալ Շիրակի մարզային նախաքննական մարմնի դիրքորոշումը չի համապատասխանում գործով ձեռք բերված փաստական տվյալներին, իսկ գործով դեռեւս առկա է որոշակի առաջնային դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ուստի համապատասխան ցուցումներով քրեական գործը վերադարձվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: Միաժամանակ պարզաբանվել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 1-ին եւ 3-րդ կետերի իմաստով իրավասու մարմին է հանդիսանում նաեւ ՀՀ քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ դեպքը եղել է 3 օր առաջ, հունիսի 15-ին՝ժամը 09:30-ին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին նույն քաղաքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմական բազայից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ռուս զինվորի դիակ է հայտնաբերվել: Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվել է նախաքննություն: 2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժնի գրությունը, ինչի համաձայն նշված բաժնի վարույթում ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվում է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում հաստատվել է Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմական բազայի շարքային զինծառայող Ի. Ս. Նովիկովի սպանությանը վերջինիս համածառայակից ընկերոջ՝ պայմանագրային զինծառայող Ի.Վ.Բոսխոմջիեւի առնչությունը, ով ձերբակալվել է եւ դեպքի կապակցությամբ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժինը ղեկավարվելով Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 3-րդեւ 5-րդ հոդվածների պահանջներով` վերոհիշյալ գրությամբ խնդրել է տրամադրել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում նույն դեպքի առթիվ հարուցված եւ քննվող քրեական գործը դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաների եւ Ի.Ս.Նովիկովի դիակի հետ միասին՝ իրենց վարույթում քննվող քրեական գործին միացնելու նպատակով: