Հայաստանի նախագահը վճռականորեն դատապարտում է Նազրանում կատարված ահաբեկչությունը: Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Նազրանում կատարված ահաբեկչության կապակցությամբ: Նախագահի հեռագրում ասված է ."Ցավով տեղեկացա օգոստոսի 17-ին Նազրանում տեղի ունեցած բարբարոսական պայթյունի մասին, որը բազմաթիվ անմեղ մարդկանց մահվան ու տառապանքների պատճառ դարձավ: Վճռականորեն դատապարտում եմ կատարված ահաբեկչական գործողությունը, որը չունի եւ չի կարող ունենալ արդարացում":

Սերժ Սարգսյանը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներին:

Հիշեցնենք, որ Ինգուշեթիայի մայրաքաղաք Նազրանի կենտրոնում օգոստոսի 17-ին ուժեղ պայթյուն էր որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել «Ռուսգյուղտնտբանկի» գրասենյակի հարեւանությամբ, որի մոտ գտնվում են նաեւ դատարանը, ՆԳ գլխավոր վարչությունն ու ՆԳ շրջանային բաժանմունքը: Վերջին տվյալներով՝ ահաբեկչությանը զոհ են գնացել 21 հոգի: