Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի եղբորորդին՝ Արայիկ Ենոքյանը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվում է օրենքի սահմաններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՎ Հանրային կապերի բաժնից:

Մեզ փոխանցեցին, որ փաստաբանը պատշաճ տեղեկացվել է այդ մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արայիկ Ենոքյանի կալանքի ժամկետը չի երկարացվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: «Սակայն «Վարդաշեն» ՔԿՀ-ն նրան ապօրինաբար պահում է կալանքի տակ, ասում են, թե դատախազությունից նախկին գործի վերաբերյալ ինչ-որ գրություն են ստացել, բայց նման բան չի կարող լինել, դա հակասում է օրենքին, սա քմահաճույքների շղթայի շարունակությունն է, իրենք իրավունք չունեն նրան պահել կալանքի տակ: Մենք այս ապօրինությունների հարցով դիմելու ենք ՀՔԾ, արդեն իսկ գրավոր դիմել ենք ՔԿՀ պետին»,-մեզ հետ զրույցում ասել էր նրա փաստաբանը՝ Գեղամ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վերացվել էր Գոհար Ենոքյանի մեղադրանքը: Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ Խաժակ  Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից («Յուվեցի Կարո») վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով  կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել:

Մեր տեղեկություններով՝ Արայիկ Ենոքյանի դեմ հարուցված է երկու քրեական գործ,նախորդ գործով նրա նկատմամբ կիրառվել էր համաներում, այժմ սակայն Դատախազությունը որոշել է, որ համաներումը սխալ է կիրառվել, այն չեղյալ է համարել: Այդ պատճառով էլ երկրորդ գործով կայացված կալանքից ազատելու որոշման արդյունքում Արայիկ Ենոքյանը չի ազատվել: