Կան այլ սկզբունքներ, կան հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել միան տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Այս մասին Երեւանում հունիսի 19-ին՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 89-րդ սեմինարի ժամանակ, հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյան՝ անդրադառնալով Չեխիայի պատգամավորների պալատի անդամ Միլան Սարապատկայի հարցին, թե ժամանակը Հայաստանի դեմ է խաղում, եւ պատրաստ է արդյոք Հայաստանը հետ վերադարձնել «ռազմավարական նպատակներով օկուպացված տարածքները»։
«Մենք խոսում ենք հակամարտության խաղաղ կարգավորման մասին։ Տարածք վերադարձնելը փոխզիջում չէ, դա հարցի միակողմանի լուծում է։ Եթե այդպես շարունակենք, մենք չենք կարող հասնել խնդրի լուծմանը»,- ընդգծեց Հովակիմյանը եւ հիշեցրեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի բազմակողմանի զիջումների վրա։




























