ՀՀ խորհրդարանը հունիսի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Օրինագիծը նախատեսում է բարձրացնել օղում ծխախոտի, բենզինի, սեղմված գազի եւ դիզվառելիքի ակցիզային հարկերը։ Փոփոխությունները առաջարկվում է գործի դնել 2016թ. հունվարի 1-ից։ Օրինագիծը ընդունվել է 56 կողմ, 38 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից։ Օրինագծի երկրորդ ընթերցումը կկայանա 2015թ. աշնանը, որպեսզի Կառավարությունն ու պատգամավորները ժամանակ ունենան հարցը քննարկելու համար։
Եթե ներկայումս օղու ակցիզային հարկը կազմում է 30 տոկոս, սակայն մեկ լիտրի դիմաց 500 դրամից ոչ պակաս, ապա օրինագծով այն կդառնա 55 տոկոս։ Հազար հատ ֆիլտրով ծխախոտի հարկը 5 հազարից կդառնա 5.5 հազար դրամ, իսկ առանց ֆիլտր ծխախոտինը 1400-ից կդառնա 1540 դրամ։ Բենզինի մեկ տոննայի ակցիզը 112 հազարից առաջարկում են դարձնել 120 հազար դրամ, դիզվառելիքինը՝ 32,5 հազարից 35 հազար դրամ, իսկ սեղմված գազի ակցիզը, որը առաջարկվում է կիրառել առաջին անգամ, 1000 խ/մ-ի դիմաց կսահմանվի 8330 դրամ։




























