Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրոխումբ) հունիսի 18-ի իր նիստում այդպես էլ համաձայնության չի հասել Հունաստանի հետ՝ բարեփոխումների հարցում: Փոխզիջում գտնելու վերջնաժամկետ է սահմանված հունիսի 30-ը: Եվրոխումբը չի բացառել, որ Հունաստանը կարող է լքել եվրոյի գոտին:

Հունաստանը կարող է թույլ տալ եվրոգոտում առաջին ինքնիշխան դեֆոլտը, քանի որ մինչեւ հունիսի 30-ը պետք է վճարի ԱՄՀ-ի պարտքերը, իսկ հուլիսին եւ օգոստոսին՝ Եվրոպայի կենտրոնական բանկինը:

«Մեր մեծագույն ցանկությունն է պահպանել Հունաստանը եվրոգոտում, բայց եթե դա, ի վերջո, անհնար լինի, մենք պատրաստ ենք ցանկացած իրադարձությունների»,-հայտարարել է Եվրոխմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը մամուլի ասուլիսի ժամանակ:

Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը Եվրոխմբի նիստից հետո հայտնել է, որ Հունաստանը ստեղծված իրավիճակից դուրս գալու միջոցառումների փաթեթ է պատրաստել: