Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը գազալցակայանը կբացի մոտ մեկ ամսից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:

Նա նշեց, որ այժմ լցակայանում վերանորոգման աշխատանքներ են կատարում, թերությունները վերացնում, որպեսզի կարողանան բացել: «Դա Հայաստանի առաջին մասնավոր կալոնկան է եղել, 15 տարվա պատմություն ունի, ամեն ինչ օրինական, նորմալ կալոնկա է»-ասաց նախկին պատգամավորը: Գազալցակայանի պայթյունից տուժած իր որդին դեռ ապաքինվում է, պարբերաբար գնում հիվանդանոց, գալիս:

Ինչ վերաբերում է վերջին աղմակահարույց պատմությանը, որի կենտրոնում հայտնվել էին նախկին պատգամավորը եւ նրա որդին, Հակոբ Հակոբյանն ասաց, որ քննություն է ընթանում, տեսաձայնագրություններ կային, որոնք ներկայացրել են քննություն իրականացնող մարմնին:  Պարզվել է, որ իրենք ծեծի չեն ենթարկել Պարույր Թորոյանին,վերջինս ընկել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում մայիսի 25-ի առավոտյան,  պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից,, որի հետեւանքով պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Նշենք, որ գազալցակայանը պատկանումէ  Հակոբ Հակոբյանին, այն 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել եւ վերջին անգամ՝ մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1մլն դրամի չափով: Վիրավորներին տեղափոխել էին «Վաղարշապատի» ԲԿ, որտեղից էլ Երեւան: Օրեր անց մահացել է Հակոբ Հակոբյանի եղբայրը՝ Արմեն Հակոբյանը: