Ուսամա բեն Լադենի որդին Աբդուլլահը դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ խնդրելով իրեն հոր մահվան փաստը հաստատող վկայական տրամադրել։ Այս մասին ասված է WikiLeaks կայքի հրապարակած փաստաթղթի մեջ։

WikiLeaks-ը հանրության տրամադրության տակ էր դրել Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ավելի քան 70 հազար փաստաթուղթ, որոնց թվում եղել են նաեւ գաղտնի տեղեկություններ։

Այդ փաստաթղթերի մեջ հայտնաբերվել է մի նամակ, որը Էր Ռիյադում ԱՄՆ դեսպանատան գլխավոր հյուպատոս Գլեն Քեյզերը ուղարկել էր Բեն Լադենի որդուն։ Նամակը գրվել էր 2011թ. սեպտեմբերի 9—ին։

«Ես ստացել եմ Ձեր հոր՝ Ուսամա բեն Լադենի մահվան վկայականը ստանալու ձեր դիմումը։  ԱՄՆ Պետդեպի իրավաբանական խորհրդատվության բաժինն ինձ տեղեկացրեց, որ Ուսամա բեն Լադենի մահվան փաստի առնչությամբ մահվան  վկայական չի տրամադրվել։ Դա մարտական գործողությունների ժամանակ զոհված մասնավոր անձանց դեպքում սովորական պրակտիկա է»,-ասված է փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պաշտոնական վարկածի  համաձայն՝ «Ալ Կաիդայի» առաջնորդ Բեն Լադենը սպանվել էր 2011թ. մայիսի 2-ի գիշերը Պակիստանի Աբասաբադ քաղաքի մոտակայքում։ Նրա մարմինը ամփոփվել էր Արաբական ծովում։