Ռուսաստանը սահմանված կարգով, դատական ընթացակարգերի միջոցով կապացուցի արտասահմանում իր ունեցվածքի վրա դրված կալանքի անօրինականությունը։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում արտասահմանյան լրատվական գործակալությունների ղեկավարների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նշել, որ Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային դատարանի իրավասությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք պաշտպանելու ենք մեր շահերը։ Ինչ վերաբերում է այդ դատական գործին, մեր դիրքորոշումը պարզ է։ Հաագայի արբիտրաժային դատարանը կարող է քննել նման բնույթի գործ միայն այն երկրների դեպքում, որոնք ստորագրել եւ վավերացրել են Եվրոպական էներգետիկ կանոնադրությունը։ Ռուսաստանը չի վավերացրել այն, ուստի մենք չենք ճանաչում այդ դատարանի իրավասությունը»,- ասել է ռուս նախագահը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան եւ Բելգիան այս շաբաթ ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի դատական հայցի շրջանակներում կալանք էին դրել այդ երկրներում ռուսական պետական ունեցվածքի վրա։


























